Skip links

Օշական

Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 29 կմ – 35 ր
Հիմնադրումը՝ 5-րդ դար

Օշականն անմիջականորեն կապվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ: Նա է ստեղծել հայոց այբուբենը, հիմնադրել հայալեզու դպրոցն ու գրականությունը: Մաշտոցի ծննդյան հավանական տարին համարվում է 361թվականը: 394 թվականին նա դարձել է վանական և իր աշակերտների ուղեկցությամբ մեկնել քարոզչական շրջագայությունների Հայաստանի տարբեր գավառներում՝ տարածելով քրիստոնեական վարդապետությունը: Մեսրոպ Մաշտոցը Աստվածաշունչը բանավոր կերպով թարգմանել է հայերեն՝ հայ ժողովրդին հասկանալի դարձնելու համար: Աստվածաշնչի մեսրոպյան թարգմանությունը լավագույնն է համարվում աշխարհում: 440 թվականին Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը Օշական են տեղափոխում, որտեղ էլ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։
1639-45 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին վերակառուցել է այդ մատուռը: Ներկայիս Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շենքը հնի տեղում 1873-79-ին կառուցել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը:

Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ ձվաձև հատակագծով, ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով, որոնցից հարավից մուտք կա դեպի խորանի տակ գտնվող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն թաղակապ մի խուց՝ արևելքում խորշով և հարավից մուտքով: Եկեղեցու արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով: 1884թ.-ին եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, ութասյուն ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և ավագ խորանից բացվող մուտքով: Եկեղեցու հարավային կողմում գտնվում է Վահան Ամատունու մահարձանը (1880թ.): 1960-64թ.-ին նորոգվել է Մաշտոցի դամբարանը, բազալտե գերեզմանաքարը փոխարինվել է օնիքսից պատրաստված տապանաքարով, բարեկարգվել եկեղեցու շրջապատը: 1962-65թթ.-ին Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ներսը զարդարվել է «Փառք հայ գրի ու դպրության» որմնանկարներով, մուտքի մոտ կանգնեցվել են բացված գիրք հիշեցնող երկու հուշասալեր, որոնցից մեկի վրա քանդակված է հայերեն այբուբենը:
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում անցկացվում են բազմաբնույթ սեմինարներ, միջազգային սիմպոզիումներ, ինչպես նաև «Թարգմանչաց տոն» միջոցառումը, որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը և հայ դպրության սկիզբը։

Request Now