Skip links

Օձունի վանք

Գտնվելու վայրը՝ Լոռու մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 178 կմ – 2 ժ 20 ր
Հիմնադրումը՝ 6-րդ դար

Սանահինի և Հաղպատի վանքերից ոչ հեռու գտնվող Օձուն գյուղի կենտրոնական բարձրադիր մասում գտնվում է Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որն աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ, շրջապատին ներդաշնակող տարածական կերտվածքով: Շուրջը տարածվում է ընդարձակ ծառապատ եռանկյունաձև բակ, որն ուշ շրջանում շրջափակվել է պարսպով: Այն ունի ուղղանկյունաձև հատակագիծ: Գմբեթակիր չորս զանգվածեղ մույթերից բացի կան երկու անկյունաձև կտրվածքով մույթեր:
Եկեղեցին ամբողջությամբ աչքի է ընկնում պարզ, հստակ ծավալներով, ներդաշնակ համաչափություններով, բարձր վարպետությամբ կատարված նրբին և բազմաթեմա քանդակներով, ճարտարապետական մանրամասերով, լույս ու ստվերի հարստությամբ: Եկեղեցին կառուցված է հեշտ մշակվող, դիմացկուն և գեղարվեստական տեսակետից արտահայտիչ տեղական բաց շագանակագույն ֆելզիտե բազմերանգ սրբատաշ քարերով:

Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն: Հավանական է համարվում հուշարձանի կառուցվելը 6-րդ դարի վերջում: Այն տարբեր ժամանակներում ենթարկվել է վերափոխությունների ու նորոգումների:
Ընդգրկելով բազիլիկ գմբեթավոր տիպին պատկանող բնորոշ հատկանիշները և շեշտված ձևով ի հայտ բերելով հորինվածքային սերտ ընդհանրություն վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ հուշարձանների հետ՝ Օձունի եկեղեցին կարևոր կապող օղակ է հանդիսանում հորինվածքային այդ երկու տիպերի միջև:

Request Now