Գտնվելու վայրը՝ Սյունիքի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 253կմ – 3ժ 20ր
Հիմնադրումը՝ 10-րդ դար
Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է համարվում Տաթևի վանքը: Այն գտնվում է երեք կողմից ուղղաձիգ խոր ձորերով շրջապատված հրվանդանի վրա, որին հնարավոր է մոտենալ միայն հյուսիսից: Ըստ ավանդության՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքի համալիրի ողջ հորինվածքը ներդաշնակ ամբողջություն է կազմում լեռնային բնության սքանչելի համայնապատկերի հետ: Տաթևի համալիրի շինարարությունը տևել է 500 տարի: Սյունյաց Դավիթ եպիսկոպոսը, 839թ.-ին գնելով Տաթև գյուղը Փիլիպե գահակալ իշխանից՝ նահանգի առաջնորդարանը փոխադրեց այստեղ: Սկսած 10-րդ դարից Տաթևի վանքը Սյունիքի հոգևոր-մշակութային հռչակավոր կենտրոնն էր և խոշոր վանական կալվածատիրական հաստատությունը: Արդեն 14-րդ դարի վերջին այստեղ հիմնադրվեց խոշորագույն ուսումնական հաստատություն՝ Տաթևի համալսարանը, որը ստեղծվեց Հովհաննես Որոտնեցու ջանքերով և Օրբելյան իշխանների աջակցությամբ:
Տաթևի վանքի շինություններն իրենց գոյության ընթացքում բազմիցս ավերվել են թշնամիների կողմից, կողոպտվել են վանքի գանձերը, այրվել ձեռագրերը: Մեծ վնաս են հասցրել հաճափակի պատահած երկրաշարժերը: Այնուամենայնիվ, քանդված եկեղեցիներն ու ավերված շինությունները վերստին կառուցվել ու վերանորոգվել են շինարար հայ ժողովրդի ձեռքով ՝ հարատևելով մինչև 21-րդ դար: Տաթևի վանքի համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից, գրատնից, դամբարանից, շտեմարաններից և պաշտպանական կառույցներից: Վանքի հնագույն և գլխավոր եկեղեցին նվիրված է Պողոս-Պետրոսին: Այն կառուցված է Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ 895-906թթ.-ին: Եկեղեցու պատերը ներսից ծածկված են որմնանկարներով, որոնք հայ մոնումենտալ արվեստի եզակի նմուշներից են: Վանքի ուշագրավ և հայ ճարտարապետության ու շինարարական արվեստի եզակի նմուշներից է 15 մետրանոց ճոճվող սյունը: Այս գավազան-սյունը կանգնած է որձաքարերով շրջապատված ութանկյուն փոսի մեջ: Հուշարձանը բացառիկ է շինարարական արվեստի առումով: Միջուկը կրաշաղախ է, քարով երեսպատված, և իր ողջ բարձրությամբ ճոճվում է որպես մի ամբողջական մոնոլիտ, որը պայմանավորված է սյան ներքնասալի ստորին հարթության որոշ թեքությամբ: 1304թ.-ին Ստեփանոս Օրբելյանի պատվերով պատրաստված բրոնզաձույլ զանգերը մետաղի գեղարվեստական մշակման հազվագյուտ նմուշներ են: 1976թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ իրականացվեցին Տաթևի համալիրի վերակառուցման աշխատանքները, որպեսզի այն իր նախնական տեսքով պահպանվի ապագա սերունդների համար: Տաթևի համալիրը ունի պատմական ու ճարտարապետական այնպիսի արժեք, որը պատիվ է բերում այն կառուցող հայ ժողովրդին: