Երևանյան ամառային ժամանցի լավագույն վայրերից մեկը Ջրաշխարհն է՝ շուրջ 2հա տարածք զբաղեցնող ջրային ատրակցիոնների բացօթյա համալիրը: Ամառվա շոգ օրերը զովացնելու և ընտանեկան առօրյան լավագույնս կազմակերպելու համար սա ամենաօպտիմալ տարբերակն է: Ջրաշխարհը գործում է միայն ամռան ամիսներին և առաջարկում հետաքրքիր ժամանց ապահովելու զանազան տարբերակներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
Ջրային ատրակցիոնների այս համալիրը համապատասխանում է եվրոպական համապատասխան ստանդարտներին, ջրի որակն ապահովվում է ժամանակակից սարքավորումների միջոցով և բավարարում բոլոր պահանջները: Մեծերի և փոքրերի համար նախատեսված լողավազանները, ջրային ատրակցիոնները, հիդրոմերսման ավազանները հնարավորություն կտան Ձեզ դիմադրել շոգ եղանակին, հանգստանալ, բարձրացնել տրամադրությունն ու վայելել հանգիստը:
Ջրաշխարհի տարածքում գործում են նաև սրճարան, ռեստորան, բար, արագ սննդի կետ, ինչպես նաև լոգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի: Այստեղ Ձեր անվտանգությունն ապահովվում է փորձառու մարզիչների և փրկարարների կողմից, որոնք անհրաժեշտության դեպքում անմիջապես առաջին օգնություն կցուցաբերեն դրա կարիքն ունեցող յուրաքանչյուր այցելուի: