Skip links

Մուղնու վանք

Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ – 28 ր
Հիմնադրումը՝ 13-րդ դար

Մուղնի գյուղի հարավային ծայրին կանգուն է Սբ. Գևորգ վանքը, որը հիմնադրվել է 13-րդ դարում և հիմնովին վերակառուցվել 1664-69թթ.-ին: Ըստ պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ վանքը հիմնադրվել է Հովհաննավանքի միաբանության կողմից, և այնտեղ են տեղափոխվել Սուրբ Գևորգի մասունքները: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, քանի որ արդեն 1278 թվականին Մուղնու Սբ. Գևորգ վանքում ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Այստեղից, սակայն, Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման նպատակով: Այդ մասունքները պահելու համար էլ հետագայում Թիֆլիսում կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին:
Մուղնու վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին կառուցված է մաքուր տաշած սև ու կարմիր տուֆից: Արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահը, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան ռոտոնդան: Ընդարձակ և բարձր աղոթասրահը ավարտվում է բեմի կիսաշրջանաձև աբսիդով, որի երկու կողմերում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներ են:

Ինտերիերը երկու զույգ խաչաձև մույթերով և նրանց միջև ձգված կամարներով բաժանվում է երեք նավի: Գմբեթը բարձրանում է դահլիճի կենտրոնում:
Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով: Հարավային մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով: Վանքի ուղղանկյուն հատակագծով, կոպտատաշ բազալտից շարված պարիսպները երկու անկյուններում ունեն շրջանաձև բուրգեր: Աշխարհիկ շինությունները խմբավորված են համալիրի մի կողմում: Բնակելի սենյակները դասավորված են թաղակապ բաց սրահի շուրջը և կից են պարսպին:
Սբ. Գևորգ վանքի բակում տեղադրված է մի քանի խաչքար. ամենահինը` 932թ., իսկ նորը՝ 1975թ.: Ուշագրավ է այն փաստը, որ վերջին խաչքարը տեղադրվել է գաղտնիորեն, գիշերվա ժամերին, և հայտնի չէ, թե ով է այն բերել: Քասախ գետից մինչև Մուղնի մոտավորապես 1 կմ-անոց գաղտնի ճանապարհ է ձգվել, որը ծառայել է վտանգավոր իրավիճակներում փախչելու, ջուր բերելու, ինչպես նաև ձեռագիր մատյանները փրկելու նպատակով: Մուղնու Սբ. Գևորգ վանքի ուխտի օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրն է:
Մուղնու վանքը ուշ միջնադարի հայ ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է:

Request Now