Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 90 կմ – 1 ժ 20 ր
Հիմնադրումը՝ 5-րդ դար
Մաստարա գյուղում կանգուն է նշանավոր Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը: Եկեղեցու ճարտարապետական լուծումներն ու պատի վրա պահպանված հունարեն արձանագրությունը թույլ են տալիս ենթադրել, որ այն կառուցվել է 5-րդ դարում:
Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է, թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ:
Մաստարայի եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունը աղոթարաննի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթռիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն: Եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է կատարվել 7-րդ դարում Գրիգորաս վանականի կողմից:
Սուրբ Հովհաննես եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական յուրահատուկ ոճով, իսկ նմանատիպ եկեղեցիները կոչվում են «մաստարայատիպ» (օրինակ՝ Հառիճավանքը):