Երևանից ոչ հեռու գտնվող Էջմիածին (Վաղարշապատ) քաղաքում գտնվում է «Մաչանենց տունը», որն հիմնադրվել է 2010թվականին Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի կողմից: «Մաչանենց» անվանումը ծագել է բարբառային «մաչ-պաչ» արմատից, որը նշանակում է «համբույր»: Այստեղ գործում է Ազգային խոհանոցի դպրոց, Արվեստաց դպրոց, Թատրոն-ստուդիա և Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն, պատկերասրահներ, հուշանվերների սրահ, թանգարան:
Բազմաթիվ ծառայությունների շարքում «Մաչանենց տունն» այցելուներին առաջարկում է հայկական խոհանոցի հայտնի ճաշատեսակների և ուտեստների վարպետության դասեր, որոնց ընթացքում ներկայացվում է կերակուրի պատմությունը, պատրաստման եղանակն ու առանձնահատկությունները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում համտեսել սեփական ձեռքով պատրաստված ուտեստները:
Այստեղ կարելի է մասնակցել հայկական ավանդական տոլմայի, թոնրի լավաշի, քաղցր սուջուխի, շաքար չորակիի (ավանդական թխվածք) պատրաստման, ինչպես նաև ոչ խոհարարական մի շարք վարպետության դասերի, այդ թվում՝ կավագործության, գորգագործության, նկարչության, տիկնիկագործության, գինու, հայկական տարազի վարպետաց դասեր: