Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 28 կմ – 36 ր
Հիմնադրումը՝ 4-րդ դար
Հովհաննավանքի վանքային համալիրը գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղ գետի ձորեզրին: Հավանաբար այն նվիրված է եղել Հիսուսի մկրտիչ սուրբ Հովհաննես Մկրտչին:
Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է համալիրի հնագույն շենքը՝ միանավ բազիլիկը: Այն վերակառուցվել է 573թ.-ին (փայտե ծածկը փոխարինվել է քարե թաղով) և 1652թ.-ին: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը՝ պայտաձև կամարներով, երեք լուսամուտով, մուտքով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին վերջին նորոգման ժամանակ ագուցվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը պատկերող հարթաքանդակ (արծիվ՝ ճանկերում՝ աղավնի): Միանավ բազիլիկին արևմուտքից կից է անկանոն հատակագծով մի շինություն, հավանաբար՝ տապանատունը: Այստեղ պահպանվել են 12-13-րդ դարերի մի շարք արձանագրություններ:
Վանքի գլխավոր Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-21թթ: Այն ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է: Արևմտյան դուռն ունի հեռանկարային դասավորություն ունեցող կիսասյունիկներով ճոխ մշակված շքամուտք և զարդարված է բուսական նուրբ քանդակներով ծածկված ութանկյուն աստղերով: Եկեղեցուն և բազիլիկին կից գտնվում է քառասյուն կենտրոնական հորինվածքով ժամատունը:
Համալիրի տարածքում կանգուն է վաղ միջնադարի վերականգնված հուշակոթող՝ բազմաստիճան հիմքի վրա բարձրացող 4 կիսագլաններից կազմված սյան ձևով:
Հովհաննավանքում պահպանված շուրջ 20 արժեքավոր ձեռագիր այժմ գտնվում է Մատենադարանում