Skip links

Հաղպատի վանք

Գտնվելու վայրը՝ Լոռու մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 186կմ – 2 ժ 30 ր
Հիմնադրումը՝ 10-րդ դար

Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է: Բարձր սարահարթի վրա կանգնած հուշարձանախումբը եզերված է մի կողմից Լոռու հզոր լեռնապարի Սուրբ Լույս և Տերունական գագաթներով, մյուս կողմից՝ Լոռու բերդ և Սաղիձոր կիրճերով, որտեղ հոսում են Սաղիկ և Կայան գետակները: 976 թվականին հիմնադրված ճարտարապետական կառուցվածքների խումբը բաղկացած է պաշտամունքային և աշխարհիկ շինություններից՝ շրջապատված աշտարակավոր պարսպապատերով:
Վանքի առաջին և գլխավոր կառույցը Սուրբ Նշան եկեղեցին է (976-991թթ.), որը հիմնադրել է Աշոտ Գ Բագրատունի Թագավորի կինը՝ Խոսրովանուշ թագուհին, և նվիրել իր որդիներ Սմբատին և Գուրգենին: Ենթադրվում է, որ ճարտարապետը նշանավոր Տրդատ Անեցին է: Եկեղեցին գմբեթավոր սրահ է՝ անկյուններում երկհարկանի ավանդատներով: 13-րդ դարում տաճարի պատերը ներքուստ հարդարվել են բազմերանգ որմնանկարներով:

Համալիրի խմբի մեջ են մտնում ավելի ուշ կառուցված Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր եկեղեցիները, գրատունը, ժամատունը, սեղանատունը, զանգակատունը: Գրեթե բոլոր կառույցների ճակատները, քիվերը, ինչպես նաև բուն խաչքարերն ու նրանց պատվանդանները ծածկված են նրբահյուս, վարպետորեն կատարված քանդակազարդերով:
Հաղպատի հետ է կապված հայ մեծագույն բանաստեղծ ու երաժիշտ Սայաթ-Նովայի կյանքի վերջին շրջանը:
12-13-րդ դարերում Հաղպատի վանքում է աշխատել նշանավոր մանրանկարիչների մի ողջ համաստեղություն՝ զբաղվելով մագաղաթյա մատյանների արձանագրությամբ ու գեղարվեստական ձևավորմամբ: Այստեղ նրանք ստեղծել են իրենց ինքնուրույն գրագրչական դպրոցը, որի ակնառու ներկայացուցիչներից է մանրանկարիչ Մարգարեն: Եվ վերջապես, այստեղ է ընդօրինակվել Հաղպատի հռչակավոր Ավետարանը:
Հաղպատի վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել է երկրաշարժերից, բայց կրկին վերանորոգվել է: 1996 թվականին Հաղպատի վանքային համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում:

Request Now