Գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 17կմ – 30 րոպե
Հիմնադրումը՝ 7-րդ դար
Էջմիածնից ոչ հեռու գտնվող Զվարթնոցի տաճարը Հայաստանի վաղ միջնադարի ճարտարապետության և արվեստի զարմանահրաշ գլուխգործոցներից է: Զվարթնոցի տաճարը, որը կոչվել է նաև Սուրբ Գրիգոր (ի պատիվ կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի), ինչպես նաև նրանից ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը, կառուցվել է հայոց Ներսես Գ Տայեցի (Շինող) կաթողիկոսի նախաձեռնությամբ իր գահակալության տարիներին՝ 641-661: «Զվարթնոց» նշանակում է երկնային զվարթների, զվարթունների տուն, «հրեշտականոց»: Մեր օրերում մնացել են այս հոյակերտ կառույցի ավերակները, որոնք ի հայտ են եկել կատարված պեղումների արդյունքում: Ավերակներն այդ վիճակում էլ տպավորիչ ու վեհաշուք են: Հուշարձանի պեղման աշխատանքներին մասնակցել է հայ անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանը, որն էլ ուսումնասիրել, չափագրել է եկեղեցու պահպանված մնացորդները և կազմել երբեմնի այս վեհաշուք տաճարի վերակազմության նախագիծը:
Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ Զվարթնոցի տաճարը ներկայանում է որպես եռաստիճան, ուղղաձիգ առանցքի շուրջը հետզհետե նվազող կլոր ծավալներից կազմված կենտրոնագմբեթ շինություն՝ մոտ 45մ բարձրությամբ, ներքուստ կլոր, արտաքուստ՝ բազմանիստ: Տաճարը կառուցված է եղել դարչնագույն, բաց մոխրագույնից մինչև սև երանգի տուֆից, ունեցել է հինգ մուտք: Զվարթնոցն ունի հարուստ հարդարանք, ճոխ ձևավորում. Քարի մշակման մեծ վարպետությամբ քանդակված են խաղողի որթ, նռնազարդ ճյուղեր, որմնակամարների միացման անկյուններում՝ հոգևոր ու աշխարհիկ անձանց կիսանդրիներ: Նրանց մի մասը պատկերված է շինարարների գործիքներով, և մեկի կողքին փորագրված է անունը՝ Յոհան: Հավանաբար նա եղել է տաճարի գլխավոր քարագործ վարպետը՝ շինարարության ղեկավարը: Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը միանգամայն նոր տիպի կառույց էր, և դրա ազդեցությունը հետագայում կրել են Հայաստանի բազմաթիվ զվարթնոցատիպ շինություններ, ինչպիսին օրինակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքն է: