Գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ, գ. Գոշ
Հեռավորությունը Երևանից՝ 70կմ – 1ժ 46ր
Հիմնադրումը՝ 12-13-րդ դարեր
Գոշավանքը Աղստև գետի հովտի նշանավոր վանքերից է, նրա տեղում 12-րդ դարում եղել է Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է երկրաշարժից: Գոշավանքի համակառույցի հիմնադրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի անվան հետ: Մխիթար Գոշի հիմնադրած վանքը սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, սակայն նրա մահվանից հետո վերանվանվել է նրա պատվին՝ Գոշավանք: Համալիրի կազմավորումը ընթացել է 12-13-րդ դարերում:
Գոշավանքի վանքային համալիրը կազմում են Սբ. Աստվածածին եկեղեցին՝ իր պարզ արտաքին ճարտարապետությամբ, Սբ. Գրիգոր եկեղեցին՝ ավելի փոքր ծավալի նույնատիպ հորինվածքով, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ արտաքին պատերի բացառիկ հարդարանքի տարրերով ու նրբակերտ զարդաքանդակներով, ինչպես նաև գրատուն-զանգակատան շենքը: Գոշավանքը հարուստ է քարի գեղարվեստական մշակման ինքնատիպ արվեստի՝ խաչքարերի հոյակապ նմուշներով:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Գոշավանքի վարդապետարանում ուսուցանել են իրավաբանություն, պատմագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, գրչության արվեստ, երաժշտություն: Այստեղ են ուսանել հայ հոգևոր մշակույթի շատ նշանավոր գործիչներ, որոնք այնուհետև իրենք են այլ տեղերում հիմնել վանքային դպրոցներ՝ շարունակելով վարդապետարանի ավանդները:
Գոշավանքի համակառույցի մեջ մտնող բազմարվեստ հուշարձանները հայկական միջնադարյան ճարտարապետության գերագույն ծաղման ժամանակաշրջանի՝ 12-13-րդ դարերի իսկական գոհարներ են, շինարար հայ ժողովրդի հիրավի հպարտությունը: