Գտնվելու վայրը՝ Կոտայքի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 26կմ – 52ր
Հիմնադրումը՝ 4-րդ դար
Այրիվանք-Գեղարդը հոյակերտ մի վանք է, ուր հայ քարագործ-ճարտարապետ Գալձագը միակտոր ժայռի մեջ քանդակել է երկու եկեղեցի: Այն տեղադրված է Ազատ գետն իջնող ժայռերի լանջին, կտրված դարավանդի վրա: Համաձայն հայ մատենագիտության մեջ պահպանված ավանդության, վանքի հիմնադրումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչին (4-րդ դար): Հնում վանքը, տեղի քարայրային կառուցվածքների պատճառով կոչվել է Այրիվանք: Քարայրները եղել են բնական և արհեստական, որոնցից մի քանիսը պաշտպանական նշանակություն են ունեցել և կոչվել են ժողովրդական հերոսների անուններով:
Ըստ եկեղեցական ավանդության՝ այստեղ է պահպանվել այն գեղարդը (նիզակը), որով խոցել են Քրիստոսին: Այս պատճառով այրիվանքը հետագայում կոչվել է նաև Գեղարդավանք: Սուրբ գեղարդը Հայաստան է բերվել 1159թ.-ին, իսկ 1250թ.-ին արաբական նվաճման ժամանակ, մասունքը թաքցնելու նպատակով, այն բերել են Այրիվանք՝ լեռների մեջ մոռացված այդ ապաստարանը: Այդտեղ գեղարդը պահպանվել է մինչև 1419 թվական: Այժմ այն գտնվում է Սուրբ Էջմիածնում:
Գեղարդի վանական համալիրը հայտնի է վերգետնյա և ժայռափոր տաճարներով, որոնք բոլորն էլ թվագրվում են 13-րդ դարով և արդյունք են Զաքարյանների ու Պռոշյանների շինարարական բեղմնավոր գործունեության:
Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Կաթողիկեն, կառուցվել է 1215թ. Զաքարյանների իշխանության օրոք, և պատկանում է խաչագմբեթ տիպի եկեղեցիներին: Համալիրի կազմում են նաև Ավազան և Աստվածածին եկեղեցիները, բազմաթիվ ժայռափոր խուցեր:
Գեղարդը հայտնի է նաև իր ժայռափոր խաչքարերով: Եկեղեցիների ու մի շարք հարակից կառույցների պատերը ծածկված են բարձրարվեստ քանդակներով: Հնամենի հուշարձանի վիմագիր արձանագրությունները ուշագրավ տեղեկություններ են հաղորդում ժամանակի իրադարձությունների մասին: Գեղարդավանքը միջնադարյան Հայաստանի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է, եղել է հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոն: Այստեղ գործել են դպրանոց, հարուստ գրադարան, գրչատուն, ուր ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր:
Գեղարդի համալիրը, հիրավի, հրաշակերտության, ճարտարապետական կառուցվածքների և բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ է: