Երևանի կիսաանապատային գոտում տեղակայված զանազան բուսատեսակներով հարուստ Բուսաբանական այգին յուրահատուկ հանգստի վայր է հանդիսանում Հայաստանի բնակչության ու զբոսաշրջիկների համար։
Այգու տարածքում հողերի ցուցանմուշային մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական առումով հետաքրքրություն ներկայացնող մեծաթիվ բուսատեսակներ, ինչպես նաև բուսական աշխարհի տնտեսապես արժեքավոր, վայրի դեղատու, դեկորատիվ և այլ տեսակներ։ Այստեղ նաև աճեցվում է հայաստանյան մշակաբույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ` բանջարաբույսեր, հատապտղայիններ, հատիկաընդավորներ, հատիկավորներ, համեմունքային և այլն։ Ցուցադրված է նաև հազվագյուտ և անհետացող 70 բուսատեսակ, որոնցից 38-ը ներառված է ՀՀ Կարմիր գրքում: Այգու ընդգրկած 4 հա տարածքում ձևավորվել է նաև բուսական համակեցությունների թվով 16 մոդել՝ արհեստական ցենոզ: Դրանց շարքում կան նաև խմբավորումներ, որոնք անհետացող են համարվում, օրինակ՝ աղուտներ, ավազուտներ, շիբլյակ, համմադա, ջրաճահճային ցենոզներ։
Բուսաբանական այգու արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդերը, դենդրոհավաքածուները վերջին տարիների ընթացքում համալրվել են շուրջ 30, իսկ ծաղկային բույսերը՝ 12 նոր դեկորատիվ բուսատեսակներով։ Այգու կենտրոնական մասում գտնվող 2000մ2 մակերեսով վարդանոցում ներկայացված է վարդի 20 սորտերի մոտ 800 թուփ։