Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ, գյուղ Արուճ
Հեռավորությունը Երևանից՝ 39 կմ – 54 րոպե
Հիմնադրումը՝ 7րդ դար
Արուճի վանքը համարվում է Արուճ գյուղի ամենամեծ վանական համալիրը: 7-րդ դարում կառուցվել է գլխավոր՝ Սբ. Գրիգոր եկեղեցին, իսկ դրա մոտ՝ պալատը: Ըստ եկեղեցու արևելյան ճակատին պահպանված արձանագրության և մատենագրական տվյալների՝ երկուսն էլ կառուցել է հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ: Եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի, աղոթասրահով, երկու խորան-ավանդատներով կառույց է: Այն համարվում է ամենախոշորը վաղ միջնադարյան նմանատիպ կառույցների մեջ: Մուտքերն արտաքուստ ձևավորված են 7-րդ դարի հայկական ճարտարապետությանը բնորոշ զույգ որմնասյուներով և երկլանջ տանիքով: Կառույցի արտաքին ճարտարապետությանը բնորոշ են ներքին հորինվածքից բխող լուծումներն ու ոճական միասնությունը: Ճարտարապետական գեղարվեստական հնարանքները, հարդարանքը հարազատ են հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության սկզբունքներին: Միասնական, չմասնատված լուսաողող ինտերիերը եղել է որմնանկարազարդ:
Կիսաեղծ պահպանվել են ավագ խորանի որմնանկարները, որոնք որոշակի սխեմայով ներկայացնում են ավետարանական համբարձումը: Պատվանդանի վրա 7մ բարձրությամբ պատկերված է եղել Քրիստոսը՝ ձախ ձեռքին հայագիր մագաղաթագալար (պահպանվել է միայն ծնկից ներքև հատվածը): Խորանը բոլորապատված է ականթի տերևներից, վարդյակներից, պտուղներից միահյուսված զարդագոտիով: Պահպանվել է նկարչի ստորագրությունը՝ «Ստեփաննոս»:
1980-83 թվականների պեղումների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան ամրոցի մնացորդները, որը հիմնադրվել է 3-5-րդ դարերում, եղել զորակայան: