Skip links

Ախթալայի վանական համալիր

Գտնվելու վայրը՝ Լոռու մարզ, գ. Ախթալա
Հեռավորությունը Երևանից՝ 107կմ – 3ժ 37ր
Հիմնադրումը՝ 12-րդ դար

Դեբեդ գետի ձախ ափին գտնվող Ախթալա քաղաքը միջնադարում կրել է Պղնձահանք անունը: Հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմությունում» Ախթալայի եկեղեցու մասին նշում է, որ 1241թվականին մահացել է իշխան Իվանե Զաքարյանը, որը նախկինում հայերից խլել էր եկեղեցին և վրացական, այսինքն՝ ուղղափառ դարձրել, թաղվել է Պղնձահանքում: Հենց ինքը իշխանը վերանվանել էր Պղնձահանքը Ախթալա: Ախթալայի վանական համալիրը գտնվում է Ախթալայի բարձրադիր թերակղզիաձև հարթակի վրա: Տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, մի կողմից՝ հարակցում է սարահարթին: Բացի այս նպաստավոր բնական պայմաններից, այն շրջապատված է եղել շրջագծի մեծ մասն ընդգրկող, այժմ էլ գոյություն ունեցող բրգավոր բարձրաբերձ պարսպապատերով: Դրանք օրգանապես ներդաշնակում են միջավայրին՝ կազմելով նրա անքակտելի բաղադրիչը:

Վանքը կառուցվել է 1188թվականին Կյուրիկյան Կյուրիկե 3-րդ թագավորի դուստր Մարիամի կողմից: Հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, բյուզանդական ու վրացական ճարտարապետության տարրերը:
Գլխավոր եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է ամիրսպասալար Իվանե Զաքարյանի կողմից 13-րդ դարի առաջին քառորդում: Այն իր հորինվածքով գմբեթավոր բազիլիկ տիպից սերված տարբերակ է, որտեղ գմբեթակիր զույգ մույթերը համատեղված են խորանի եզրային մասերի հետ: Հայ ճարտարապետությունը հարուստ է նման հորինվածքի հուշարձաններով: Եկեղեցին հռչակված է իր առաջնակարգ և բարձրարվեստ որմնանկարներով, որոնցով ծածկված են պատերը, մույթերը, կամարատակերը: Դրանք բնութագրվում են պատկերագրական կատարելությամբ, թեմատիկայի հարստությամբ և երանգների բազմազանությամբ: Իրենց գունային լուծումներով որմնանկարները բյուզանդական են, սակայն թեմաները զուտ հայկական են: Հուշարձանախմբում են գտնվում նաև միանավ եկեղեցին, Սբ Գևորգ եկեղեցին, զույգ եկեղեցիները: Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21-ը։ Ախթալայի վանական համալիրում է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը նկարահանել վրաստանաբնակ հայ տաղանդաշատ աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովային նվիրված իր աշխարհահռչակ, բազմաթիվ մրցանակների արժանացած «Նռան գույնը» ֆիլմի որոշ տեսարաններ։

 

Request Now