Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին՝ գործելով Պատանի հանդիսատեսի թատրոնին կից: Թատրոնի հիմնադիրներն են հանդիսացել բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Արաքսյա Արաբյանը և Պավլոս Բորոյանը: Առաջին ներկայացումներն են եղել «Շունն ու կատուն» և «Չարաճճի Պետիկը»: 1950թվականին, սակայն, Տիկնիկային թատրոնը փակվում է՝ վերաբացվելով 1957թվականին արդեն որպես ինքնուրույն թատրոն: Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը, նկարիչ` Ֆլորա Գրիգորյանը: Ընդլայնվում է դերասանական կազմը՝ Պետրոս Մարտիրոսյան, Ալբերտ Ղևոնդյան, Ռուզաննա Վարդանյան, Հասմիկ Նաղաշյան, Աստղիկ Գևորգյան, Անահիտ Սահակյան և այլոք: 1961-1978թվականներին թատրոնի ռեժիսորն էր Մանյա Ասլանյանը, ում օրոք բերմադրվում են «Կարմիր գլխարկ», «Թոմ Սոյերի արկածները», «Ոսկե բանալին», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և բազմաթիվ այլ ներկայացումներ:
1975թվականին թատրոնը տեղափոխվում է Սայաթ-Նովա 4 հասցեում գտնվող ներկայիս շենք: Նոր բեմում առաջ են գալիս ստեղծագործելու նոր հնարավորություններ, սկսում են աշխատել Արշակ Պողոսյանը, Նունե Վարդանյանը, Արա Հակոբյանը, Պետրոս Խաչիկյանը, Մնացական Փիլոյանը, Գագիկ Ռոստոմյանը: 1976թ. Մանյա Ասլանյանը բեմադրում է առաջին ներկայացումը մեծահասակ հանդիսատեսի համար` «Չքնաղ Գալատեան» հունական դիցաբանության թեմաներով: Սրան հաջորդում են Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: 1978-85թվականներին թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը, 1985թ-ին Անդրանիկ Գամջյանը, որին հաջորդում են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը: 1998թվականից թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավարն է հանդիսանում Ռուբեն Բաբայանը: Նրա բեմադրություններից են «Երրորդը», «Հայի բախտը, «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»:
Այսօր էլ թատրոնը շարունակում է իր աշխույժ ստեղծագործական կյանքը՝ հյուրընկալելով մանուկ և մեծահասակ հանդիսատեսին: Այնտեղ գործում է Պավլոս Բորոյանի անունը կրող տիկնիկային արվեստների թանգարան, որտեղ ներկայացված է մոտ 200 ցուցանմուշ:
Սայաթ-Նովայի փ. 4, Երևան, Հայաստան
+374 10 52-02-54
www.facebook.com/yerevanpuppet/
Երկ-Կիր: 11:00-19:00