Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը տեղակայված է Երևանում՝ Հրազդանի կիրճում` նախկին Էրիվանի բերդի տարածքում: 1877 թվականին վաճառական Ներսես Թաիրյանը ձեռք է բերել վերոնշյալ տարածքը և գինու գործարան հիմնադրել այնտեղ: Տնայնագործական եղանակով արտադրվող գինին սկզբնական շրջանում կազմում էր ընդամենը 1200 դույլ: Հետագայում գործարանի արտադրական հզորությունն աստիճանաբար ավելացվել է: 1892 թվականին նրա հրավերով գործարանում սկսել է աշխատել գինեգործ Մկրտիչ Մուսինյանցը: Գործարանում լուրջ ներդրումներ է կատարել «Շուստով և որդիներ» ընկերությունը:
1920-1991թվականներին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն աշխատել է տարբեր հմուտ և փորձառու կոնյակագործների ու գինեգործների ղեկավարությամբ: Սակայն 1991թ.-ից ի վեր՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, գործարանը գտնվում էր լքված վիճակում: 2002թ.-ին գործարանն ունեցավ նոր սեփականատեր՝ ի դեմս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի: Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը սկսեց իրական վերելք ապրել. սկսվեցին լայնամասշտաբ վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, ներդրվեց նորագույն արտադրական տեխնիկա, պատրաստվեցին նոր կաղնե տակառներ: