Գտնվելու վայրը՝ Լոռու մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 180կմ – 2 ժ 25 ր
Հիմնադրումը՝ 4-րդ դար
Սանահինի վանական համալիրը գտնվում է Սանահին գյուղի տարածքում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարահարթի վրա: Համալիրը հիմնել է Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունին 966թ.: 10-րդ դարի վերջերից այն դարձել է հայ Բագրատունիների մի ճյուղը հանդիսացող Կյուրիկյան արքայատոհմի վարչական կենտրոնն ու դամբարանատեղին: 10-11-րդ դարերում այն եղել է խոշոր մշակությաին կենտրոն, ունեցել է համալսարան և դրան կից հարուստ գրադարան: 12-րդ դարի վերջերին համալիրն անցել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչներին և դարձել վերջիններիս հանգստարանը:
Սանահինի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Նրա կազմում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթներ, զանգակատունը, գրատունը, ճեմարանը և Սուրբ Գրիգորի մատուռը:
Սբ Աստվածածին եկեղեցու շուրջը խմբավորված այս կառույցները ժամանակի ընթացքում վերածվել են մեկ միասնական ճարտարապետական համալիրի, որտեղ, շնորհիվ առանձին շինարարական հատվածների ճիշտ տեղադրման, իշխում է կառուցվածքային հավասարակշռությունը:
Սուրբ Աստվածածին եկեղեցին համալիրի ամենահին հուշարձանն է: Կառուցվել է 10-րդ դարի առաջին կեսին: Գմբեթավոր դահլիճը ճարտարապետական տիպի վաղագույն օրինակներից է: Թեև արտաքուստ ուղղանկյուն հատակագիծ ունի, ներսից՝ շեշտված խաչաձև է: Պատերին պահպանվել են որմնանկարների հետքեր:
Ամենափրկիչ կամ Կաթողիկե եկեղեցին վանքի գլխավոր տաճարն է, կառուցված է 957-966 թվականներին՝ Աշոտ Ողորմած թագավորի կնոջ՝ Խոսրովանուշ Թագուհու կողմից՝ Գուրգեն և Սևակ արքայազն որդիների պատվին: Նրա պատվերով հիմնադրվել է նաև Սանահինի համալսարանը, որը միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական ու գրչության կենտրոններից մեկն է եղել:
Ըստ Ավանդության՝ Սանահինի վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ 4-րդ դարում խաչ էր տեղադրել Գրիգոր Լուսավորիչը: Այն հիմնադրվել է փոքր-ինչ ավելի շուտ, քան Հաղպատի վանքը, դրա համարել ստացել է իր անունը (Սանահին` նշանակում է՝ «սա ավելի հին է, քան մյուսը (այսինքն՝ Հաղպատի վանքը)»):
2001թ. – ին Սանահինի համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների շարքում: