Skip links

Հայրավանք

Գտնվելու վայրը՝ Գեղարքունիքի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 82 կմ – 1ժ 5 ր
Հիմնադրումը՝ 9-րդ դար

Հայրավանքը 9-13-րդ դարում կառուցված հայկական ճարտարապետական հուշարձան է՝ Հայրավանք գյուղում, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Մեզ հասել է կիսավեր վիճակում, առանց գմբեթի, պահպանվել են եկեղեցին և գավիթը:
Եկեղեցին խաչաձև-քառախորան կենտրոնագմբեթ կառույց է, համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից մեկը: Բոլոր խորանների ներքին բոլորակությունը դրսևորվում է արտաքին տեսքում, մուտքերը հարավային և արևմտյան խորաններից են: Լուսավորվում է խորանների և թմբուկի ճակատային նիստերի մեկական պատուհաններից: Հարդարանքի տարրերից ներսում ուշագրավ են խորանների հպման անկյունների հյուսվածքազարդ իմպոստները, դրսում՝ պատուհանների ուղիղ ավարտամասերով կիսաշրջան եզրակալները, թեքադիր կտրվածքով քիվերը: Կառուցված է կոպտատաշ բազալտով, պատերը ներքուստ, ինչպես նաև թմբուկը և բացվածքների եզրերը սրբատաշ դարչնագույն տուֆից են:
Տարածքի պեղումներով հայտնաբերվել են միջին բրոնզի և երկաթի դարերի զարդեր, զենքեր, գործիքներ, անոթներ, կրակարաններ և այլն: Հայրավանքի փոքրիկ բակում պահպանվել են 15-րդ դարի խաչքարեր, իսկ վանքի պարսպապատերից դուրս նկատելի են կացարանների, ձիթհանի, տնտեսական շինությունների հետքեր:
Հայրավանքի անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Իր ժողովրդի կոտորածին ականատես չլինելու համար իրեն ձորն է նետում, բայց Աստծո կամքով չի սուզվում ջուրը, վազում է ջրի վրայով: Այդ հրաշքից ապշահար Լենկ Թեմուրը կանչում է վանահորը և խոստանում կատարել նրա որևէ ցանկություն: Վանահայրը խնդրում է չսպանել այնքան մարդու, որքան կտեղավորվեն վանքի ներսում: Մարդիկ սկսում են ներս մտնել, և ի զարմանս Թեմուրի՝ բոլորը տեղավորվում են: Նա նկատում է, սակայն, որ մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում մահից: Այդ օրվանից վանքը կոչվել է նաև վանահոր անունով՝ Հովհաննավանք, Մարդաղավնյաց վանք:
1211թվականին վարդապետներ Հովհաննես և Ներսես եղբայրները նորոգել են եկեղեցին և երկսյուն, երդիկավոր ութանիստ գմբեթով գավիթ կառուցել: Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դար: 1980-ական թվականներին վանքը վերանորոգվել է, վերակառուցվել է եկեղեցու գմբեթը:

Request Now